«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում առարկայական վերապատրաստումները շարունակվում են՝ ընդգրկելով նոր համայնքներ և թեմատիկ ուղղություններ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։
Օգոստոսի 12-ից 15-ը Գորիսի Ակսել Բակունցի անվան հ.1 ավագ դպրոցում վերապատրաստվում են Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների 6 դպրոցների (Վերիշենի մ/դ, Ակների մ/դ, Հարթաշենի մ/դ, Կոռնիձորի մ/դ, Խնձորեսկի մ/դ,Գորայքի մ/դ) կենսաբանության, հասարակագիտության և ինֆորմատիկայի ուսուցիչները։
2024–2025 ուսումնական տարվա ընթացքում նշված դպրոցներում «Ագրոտեխնոլոգիա» առարկան դասավանդվել է 10-րդ և 11-րդ դասարանների սովորողներին՝ խմբային ուսուցման ձևաչափով։ 2025–2026 ուսումնական տարում ծրագրի շրջանակը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև 12-րդ դասարանցիներին։
Դասընթացը նախատեսված է 12-րդ դասարանի թեմատիկ բովանդակության շրջանակում և իրականացվում է «Ագրոբիզնես» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» թեմաներով՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափերով։ Դասավանդում են ՀԱԱՀ 6 դասախոսներ։
Ուսուցիչները ձեռք կբերեն մասնագիտական նոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ անհրաժեշտ «Ագրոտեխնոլոգիա» առարկան 12-րդ դասարանցիներին արդյունավետ դասավանդելու համար։
Դասընթացավար Մարինե Մարկոսյանը, խոսելով ծրագրի հաջողությունների մասին, նշում է․ «Զգալի փոփոխություններ նկատվում են իհարկե. Ագրարային համալսարանի Սյունիքի մեր մասնաճյուղի և քոլեջների ուսանողների թիվը ավելանում է»։
Կոռնիձորի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Էլա Ղահրամանյանի խոսքով՝ երեխաները մեծ սիրով և հետաքրքրությամբ մասնակցում են խմբակին, որը սեր է ձևավորում դեպի գյուղատնտեսությունը, հայրենի հողը և հայրենիքը, ինչպես նաև օգնում է ծնողներին ամբողջացնել գիտելիքները գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։
«Հայաստանի Հանրապետության համար գյուղատնտեսությունը բավական խոստումնալից ոլորտ է, մերն է. մենք կարող ենք»,- կարծում է Ակների միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մկրտչյանը։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել սովորողների մասնագիտական և գործնական հմտությունները՝ համատեղելով դպրոցում ստացած տեսական գիտելիքները տեղական ընկերություններում գործնական աշխատանքների հետ և խթանելով խելացի գյուղատնտեսության գաղափարի տարածումը համայնքներում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1227258