Միջազգային մրցույթ՝ Հայաստան-Մոլդովա գործակցության շրջանակում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալությունը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, մրցույթն անցկացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» արձանագրության շրջանակում:

Մրցույթի նպատակներն են.

·               աջակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մրցունակ հետազոտությունների իրականացմանը,

·               նպաստել գիտական գործունեության արդյունքների սոցիալ-տնտեսական ազդեցության զարգացմանը,

·               խթանել միջազգային համագործակցությունը,

·               նպաստել նշված ուղղություններում երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացին։

Մրցույթն ուղղված է համատեղ գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը հետևյալ ոլորտներում․

·               կայուն գյուղատնտեսություն,

·               սննդի անվտանգություն,

·               կենսատեխնոլոգիա և շրջակա միջավայրի պաշտպանություն,

·               նորարարական տեխնոլոգիաներ,

·               կայուն էներգիա,

·               թվայնացում,

·               հասարակական գիտություններ:

Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության գիտնականներից կազմված գիտահետազոտական խմբերը: Երկու կողմերի հայտատուները միմյանց հետ համաձայնեցնում են ներկայացվող նախագծի բովանդակությունը, որը կարող է տարբեր լինել՝ կախված կողմերի առջև դրված խնդիրներից, սակայն ներկայացված նախագծի վերնագրերը պետք է համընկնեն:

Վերջնական ձևավորված և համաձայնեցված հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է կոմիտե, իսկ մոլդավական կողմը՝ գործակալություն:

Անհրաժեշտ է, որ հայտը ներառի հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի գիտական նախագիծ, որի իրականացման տևողությունը 12 ամիս է։ Մրցույթին մասնակցության համար մոլդովական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://tinyurl.com/434wujx կայքում:

Հայաստանյան խմբի ղեկավար կարող է լինել այն անձը, որը ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ից հետո, ունի գիտական աստիճան, վերջին 5 տարիների համար (2020 – 2025 թթ․) տվյալ ուղղությամբ ունի առնվազն 4 գիտական հրապարակում ՄԳՇ-ում:

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1990թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ: Խմբի անդամները նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև նախագծի իրականացման ընթացքում բնակվեն ՀՀ-ում:

Նախագծի ավարտին հայաստանյան խմբի անդամները պետք է ունենան առնվազն 1 ՄԳՇ հրապարակում` մոլդովական կողմի խմբի անդամի կամ անդամների հետ համահեղինակությամբ։ Հայաստանյան գիտական խմբի ֆինանսավորման առավելագույն ծավալը կազմում է 2,000.0 հազար (երկու միլիոն) ՀՀ դրամ, որի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի գործուղումներին:

Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների ընդունման grant.hesc.am առցանց համակարգում հայտերի ընդունումը կմերնարկի 2025 թ․ օգոստոսի 20-ից։ Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի 2025 թ․ սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

ajax-loader