Բժիշկները կլիցենզավորվեն. բժշկական սխալը` կասեցման հիմք

Հայաստանում ներդրվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը: 2001 թ լիցենզավորման համակարգն ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ում կասեցվել է: Եվ այս 5 տարիների ուսումնասիրությունները, շփումները և ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման, որովհետև բուժաշխատողներն ու նրանց նկատմամբ պահանջներն են, որ պետք է լրացնեն ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների որակը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով առաջարկվում է ներդնել 2 տիպի լիցենզավորման ինստիտուտ: Անցումային լիցենզավորումը վերաբերվելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Նախարարը սա կարևոր քայլ համարեց՝ ուսանողներին ուսումնառության ընթացքում գործնական ու աշխատանքային փորձառություն ունենալու հնարավորություն տալու առումով: «Եվ այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե, բժշկի հսկողության տակ մեր օրդինատորներն ու ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվել և իրենց հմտությունները նաև լավացնել»,-ասաց Ավանեսյանը:

Հաջորդը կրթությունն ամբողջությամբ ստացած մասնագետների մասնագիտական լիցենզիան է: Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: 2024 թ. հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն դեռ օրդինատորների համար, այսինքն՝ սահմանափակված ձևով, այնուհետև 2026 թ հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կսկսի գործել:

Անհատական լիցենզավորումն իրականացվելու է քննական ձևով, այսինքն՝ տրամադրվելու է որոշակի հմտությունների ստուգման պարագայում: Եվ 5 տարի հետ այն թարմացվելու, շարունակվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան: Լիցենզավորման կասեցման հիմք կարող է հանդիսանալ, օրինակ, բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացումը:

ajax-loader