Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել: «Դոմուս» ընկերությունն ավելի ուշ հրդեհի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել: