«Տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններն ունեն հումքի մեծ պահանջարկ, և որպեսզի կարողանան պատրաստի արտադրանքը ԵՄ երկրներ արտահանել, նրանց տրվել է աջակցություն՝ մաքսատուրքի արտոնություն: Միևնույն ժամանակ նրանք ԵԱՏՄ շուկայում այդ խնդիրը չունեն, ստացվում է՝ հարմարավետ միջավայր է ստեղծվել արտադրության և արտահանման խթանման համար, և սա բերել է նրան, որ այդ տնտեսվարողներն ունեն մեծ հումքի կարիք, որովհետև ՀՀ-ն տեքստիլի հումք արտադրող երկիր չէ, և այդպիսի պոտենցիալ էլ չունենք և չենք կարող ունենալ»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Որպեսզի հումքի ձեռքբերումը մատչելի դարձնենք նրանց համար, մենք ասում ենք, որ եթե դուք Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հումք ներկրեք ՀՀ և ՀՀ տարածքում գործող ու լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստանաք վարկեր այդ նպատակի համար, ապա մինչև 12 ամիս ժամկետով մենք կսուբսիդավորենք այդ վարկի տոկոսները՝ 8 տոկոսային կետը՝ դրամի դեպքում, 6 տոկոսային կետը՝ արտարժույթի դեպքում: Ասենք՝ եթե 8 տոկոսով վերցրել է, մենք 6-ը սուբսիդավորում ենք, ինքը վճարում է մնացած 2 տոկոսը։
Նախագծով նախատեսվում է սուբսիդավորել այն տնտեսվարողներին, որոնք նախորդ 365 օրերի ընթացքում ունեցել են արտահանում՝ բացառությամբ վերարտահանման, իսկ սուբսիդավորման չափը նախատեսվում է տնտեսվարողի՝ նախորդ 2 տարվա արտահանման ծավալի չափով դրամային արտահայտությամբ»,- հավելեց Պապոյանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ