Երկու անձ, խմբի կազմում, 2025 թվականի հունիսի 21-ին ապօրինի մուտք են գործել Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն, վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից:
Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտը):
Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: