Սյունիքում  հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ խեղդել է նրան և օրեր անց թաղել դաշտում

Հուլիսի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները զարհուրելի և դաժան հանցագործություն են բացահայտել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են այդ զարհուրելի արարքը։

Տղամարդը իր մորը՝ Արցախի Հանրապետության 76-ամյա բնակչին, որն առողջական խնդիրներ ու հաշմանդամության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդել են, ապա 4 օր անց թաղել են գյուղին հարակից դաշտում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

ajax-loader