Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի և գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։
Բացի այդ, կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց գործողությունները պարունակում են խախտման հատկանիշներ, թե՝ ոչ: Ծառայողների կարգապահական պատասխանատվության հարաբերությունները կարգավորող օրենքները ծառայում են որպես շրջանակ՝ ապահովելու, որ իրավապահ մարմինները գործում են արդարության, հաշվետվողականության և անձանց իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան։ Միաժամանակ, «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք»-ը կարևոր նշանակություն կունենա նաև հանրության կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ հստակ ակնկալիքներ ձևավորելու հարցում…
Կարգապահական ընթացակարգերի հստակ կարգավորվածության կարևոր շահառու է հանդիսանում հանրությունը, քանի որ նշված ընթացակարգերի արդյունավետությունը միտված է՝ առաջին հերթին ապահովելու քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Այս հարաբերությունների կարգավորումը օրենքի մակարդակով երաշխավորում է, որպեսզի ծառայողները հարգեն մարդու իրավունքները, զերծ մնան անհիմն գործողություններից, խտրական վերաբերմունքից կամ չարաշահումներից: Սա կարող է օգնել կանխել իշխանության չարաշահումը և ոչ իրավաչափ վարքագիծը։ Պատասխանատվության անխուսափելիությունը ենթադրում է, որ խախտումները հանգեցնելու են իրավական հետևանքների, ինչը նույնպես կարող է զսպող միջոց ծառայել ծառայողների անօրինական վարքագծի դրսևորումների դեմ: Կարգապահական հստակ և արդյունավետ ընթացակարգերի առկայությունը ապահովում է թափանցիկություն, որը խթանում է հանրային վստահությունը՝ քաղաքացիներին թույլ տալով՝ պատասխանատվության ենթարկել պետական մարմիններին վերջիններիս գործողությունների համար: Բացի այդ նման կարգավորումները պարունակում են նաև քաղաքացիական վերահսկողության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս՝ վերահսկելու պետական մարմնի վարքագիծը։ Կարգապահական արդյունավետ ընթացակարգերը, բացի իրավական հետևանքներ առաջացնելուց, կարող են ծառայել նաև անձնակազմի կառավարման կապակցությամբ արդյունավետ որոշումներ կայացնելուն։ Մասնավորապես, կարող են ազդել ծառայողների վերապատրաստման և կրթության վրա: Ըստ էության, կարգապահական կանոնակարգերը էական նշանակություն ունեն պետական մարմինների էթիկական, թափանցիկ գործունեության և անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Դրանք անհրաժեշտ նախադրյալներ են ապահովում հաշվետվողականության և քաղաքացիների նկատմամբ արդար վերաբերմունքի համար։
«Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերով կարգավորվել են նաև ծառայողների վարքագծի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև՝ յուրաքանչյուր ծառայության համար էթիկայի առանձին հանձնաժողովների ձևավորման և գործունեության առանձնահատկությունները։ Առաջարկվել է ստեղծել մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողովներ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներին համահունչ։ Այս կարգավորումները հնարավորություն կտան՝ երաշխավորելու ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը՝ պատասխանատվության միջոցների կիրառմամբ։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1.ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը և խրախուսանքները ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները։ Նման մոտեցման պարագայում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը կտարածվի նաև Ոստիկանության վրա,
2.ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների հիմնական իրավունքների, պարտականությունների և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների շրջանակի կապակցությամբ ապահովել միասնական մոտեցում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա և «Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Փրկարար ծառայության մասին» օրենքներում սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները,
3.ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ և սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները,
4.ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունների անցկացման համար ամրագրել միասնական մոտեցում և այդ գործընթացի ընթացակարգային հարաբերությունները կարգավորել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով,
5.միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ,
6.ապահովել Նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը Նախարարություն,
7.հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև՝ հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությանը վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում,
8.Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարին զուգահեռ ոստիկանության և փրկարարական ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճար և հավելումներ,
9.Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները),
10.Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Ընդ որում, պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվի:
11.«Փրկարար ծառայության մասին» օրենքում նախանական մասնագիտական կրթության հետ կապված եզրութաբանությունը համապատասխանեցնել գործող ոլորտային օրենքին։
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում կընդլայնվի ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։