Մեկնարկել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոճանապարհի շինարարությունը

Մեկնարկել են Տ-7-48 Գյումրի(Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+440 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:  2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ 

Ճանապարհն ընդգրկում է Գյումրիի Նորավան թաղամասից՝ Լազոյի փողոցից մինչև Արևիկ, Այգաբաց, Վարդաքար, Նոր Կյանք տանող հատվածը: 

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Դավիթ Առուշանյանը աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ հետևել են մարզային նշանակության ճանապարհի շինանարական աշխատանքների ընթացքին։ 

Շիրակի մարզպետն անդրադարձել է ճանապարհի հիմնանորոգման կարևորությանն ու անհրաժեշտությանը։ «Արթիկից դեպի Գյումրի երկրորդ ճանապարհ ենք ունենալու՝ ամբողջությամբ ասֆալտապատ։ Արևիկ և Այգաբաց բնակավայրերը նոր ճանապարհ են ունենալու, իրականում այդ բնակավայրերը մեծ են, քանի որ մոտ 1800 բնակիչ ունի Արևիկը, մոտ 800 բանկիչ՝ Այգաբացը։ Ընդհանուրը 10․4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվելու է, երկշերտ ասֆալտ է լինելու։ Նախատեսված է նաև մայթերի կառուցում, լուսավորության ցանցերի տեղադրում։ Խոսել եմ շինարարի հետ, հորդորել եմ լինել պարտաճանաչ, որակով կառուցել և ժամկետների մեջ տեղավորվել, մարզի աշխատուժին ևս ներգրավել աշխատանքներում, որպեսզի մեր բնակիչներն աշխատանք ունենան։ Պետական միջոցներով կառուցվող  ճանապարհ է, շատ կարևոր է, որ ոչ մի գումար չփոշիանա»,-նշել է մարզպետ Դավիթ Առուշանյանը

ajax-loader