Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու մեջ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ: Մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

»Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: 

Միաժամանակ վստահեցրել է, որ 300. 000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական և գործնական քննությունները սահմանված կարգով հանձնելու և դրական արդյունք արձանագրելու, կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը: 

Համաձայն պայմանավորվածության՝ քաղաքացին 2024 թվականի մայիսի 21-ին կաշառքի առարկա գումարը միջնորդավորված եղանակով փոխանցել է հիշյալ անձի մատնանշած հաշվեհամարին: Վերջինս էլ հավաստիացրել է, թե իբր ձեռնամուխ կլինի գործընթացի իրագործմանը, սակայն քաղաքացուն վարորդական վկայական տրամադրելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, փոխարենը՝ կաշառք ստանալու պատրվակով դրամական միջոց է ստացել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader