Մինչև վերջերս, Լուվր և Գուգենհայմի թանգարան մեկ օրում այցելելու համար անհրաժեշտ էր հատել մի քանի երկրների սահմանները։ Սակայն 2025 թվականի վերջին սա կդառնա իրականություն՝ շնորհիվ Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում նոր մշակութային թաղամասի, հաղորդում է CNN-ը։
Այն կմիավորի Լուվրի և Գուգենհայմի միջազգային մասնաճյուղերը, ինչպես նաև մի շարք այլ եզակի հաստատություններ՝ գիտակենտրոն Բնագիտության թանգարանը, teamLab Phenomena թվային արվեստի տարածքը և Շեյխ Զայեդի անվան ազգային թանգարանը, որը նվիրված է ԱՄԷ-ի պատմությանն ու մշակույթին։
«Շատ երկրներ ունեն ակնառու թանգարաններ, բայց հազվադեպ են դրանք այդքան մոտ միմյանց։ Ահա, թե ինչն է Սաադիաթը դարձնում յուրահատուկ»,-ասում է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի նախագահ Մոհամմեդ Խալիֆա Ալ Մուբարաքը։
Զբոսանք թանգարանների միջև՝ նորարարության ստվերում
Հատուկ այս նախագծի համար մշակվում է «զով երթուղիների» ցանց՝ բնական ստվերով զբոսանքի արահետներ, որպեսզի այցելուները կարողանան հարմարավետորեն տեղաշարժվել թանգարանների միջև նույնիսկ շոգ ժամանակ։
Մշակութային թաղամասի տարածքը կկազմի ավելի քան 2.4 քառակուսի կիլոմետր, իսկ համաշխարհային ճարտարապետության աստղերի՝ Ժան Նուվելի, Ֆրենկ Գերիի և Նորման Ֆոսթերի ճարտարապետական լուծումները խոստանում են լինել ոչ պակաս տպավորիչ, քան ներսում գտնվող ցուցահանդեսները։
Նախագիծը սկսվել է դեռևս 2000-ականների կեսերին և կարողացել է քննարկումների ալիք առաջացնել։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ խմբեր մտահոգություն են հայտնել միգրանտների աշխատանքային պայմանների վերաբերյալ, մինչդեռ մյուսները կասկածի տակ են դրել, թե ինչպես են Լուվրի և Գուգենհայմի նման հաստատությունների արժեքները համատեղելի ԱՄԷ-ում գրաքննության հետ։ Այնուամենայնիվ, Աբու Դաբին հույս ունի Սաադիյաթը վերածել մշակութային կենտրոնի, որը համեմատելի կլինի Հոնկոնգի Արևմտյան Կոուլունի կամ Բեռլինի «Թանգարանների կղզու» հետ։
Ի՞նչ կարող եք տեսնել Սաադիյաթի մշակութային թաղամասում
Բնական պատմության թանգարան
Երբ այն բացվի 2025 թվականի վերջին, այն կլինի տարածաշրջանի ամենամեծ գիտական թանգարանը (35,000 քմ): Գլխավոր տեսարժան վայրը աշխարհի ամենաամբողջական տիրանոզավր Ռեքսի՝ Ստեն անունով կմախքն է, որը գնվել է 31.8 միլիոն դոլարով։ Հավաքածուում է նաև Մերչիսոնի երկնաքարը, որը ընկել է Ավստրալիայում 1960-ականներին և պարունակում է այլմոլորակային ծագման օրգանական նյութ։
Շեյխ Զայեդի ազգային թանգարան
Նորման Ֆոսթերի նախագիծը՝ նվիրված ԱՄԷ-ի հիմնադրին։ Վեց մշտական սրահներ ներկայացնում են տարածաշրջանի 300,000 տարվա պատմությունը՝ բեդվինների մշակույթից մինչև Էմիրությունների՝ որպես համաշխարհային առևտրային տերության վերելքը։ Բացումը՝ 2025 թվականի վերջին։
Լուվր Աբու Դաբի
Լեգենդար ֆրանսիական թանգարանի առաջին արտասահմանյան մասնաճյուղը բացվել է դեռևս 2017 թվականին։ Հավաքածուն ներառում է Հին Եգիպտոսից մինչև 20-րդ դարի արվեստագետների աբստրակցիոն գլուխգործոցներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի եզակի արտեֆակտներ։ Ճարտարապետ՝ Ժան Նուվել։ Շենքը՝ իր խորհրդանշական գմբեթով և երկրաչափական նախշերով, դարձել է ժամանակակից Աբու Դաբիի խորհրդանիշը։
Գուգենհայմ Աբու Դաբի
Ֆրենկ Գեհրիի նախագծած շենքում կբացվի ժամանակակից արվեստի հայտնի թանգարանի մասնաճյուղ՝ համարձակ և «փորձարարական», ինչպես նրա հավաքածուն։ Հատուկ ուշադրություն կդարձվի Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ասիայի արվեստին՝ 1960-ական թվականներից մինչև մեր օրերը։
teamLab Phenomena
Ճապոնական արվեստի teamLab կոլեկտիվի թանգարանը 25 թվային ինստալյացիա է ներկայացնում, որոնք դիտողին ընկղմում են լույսի, շարժման և փոխազդեցության աշխարհում։ Ցուցանմուշների թվում են լուսարձակող գնդիկներ, «լողացող միկրոաշխարհներ» և ջրային տարածքներ, որոնք արձագանքում են այցելուների շարժումներին։ Սա աշխարհի ամենամեծ teamLab թանգարանն է, որը զբաղեցնում է 17000 քմ տարածք։