«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ․
«Հարգելի‘ գործընկերներ, Կապանի, Լիճքվազի լեռնահանքային համալիրների և Էս ընդ Էյ Մայնինգ ընկերության սիրելի‘ աշխատակիցներ, լեռնամետալուրգիական ոլորտի երկարամյա նվիրյալներ, շնորհավորում եմ Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ։ Այս օրը ոչ միայն մեր բնագավառի ու հարակից ոլորտների, այլ առհասարակ մեր երկրի օրացույցի ամենակարևոր տոներից է։
Նորանկախ պետության ձևավորման փուլում նավթագազային ռեսուրսների բացակայության պայմաններում հենց լեռնամետալուրգիան դարձավ այն ճյուղը, որն անվերապահորեն ստանձնեց տնտեսությունը սնող հիմնական զարկերակի կայունացնող դերը, որն այսօր էլ հաջողությամբ իրականացնում է` նպաստելով մեր երկրի զարգացմանն ու նրա պաշտպանունակության բարձրացմանը։ Հայաստանում այս ոլորտում ներգրավված և ոլորտի հետ կապված են հազարավոր մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով, հմտություններով ու նվիրվածությամբ ապահովում են համակարգաստեղծ այս ուղղության կայուն զարգացումը։
Սյունիքում հանքագործի ու մետալուրգի մասնագիտությունը և ընդհանրապես ոլորտն ավանդաբար ամենապոպուլյարն է։ Այստեղ մարդիկ գիտակցում են մարզում ժողովրդագրական դրական սալդոն պահպանելու ռազմավարական անհրաժեշտությունը, զգում մայրաքաղաքից հեռու բարեկեցիկ համայնքում ապրելու հարմարավետությունն ու տեսնում երկիրը հավասարակշռված զարգացնելու հանքարդյունաբերության ընձեռած հնարավորությունը։
Աշխարհում տեխնոլոգիական զագացմանը զուգահեռ շարունակում է բարձրանալ միներալահումքային ռեսուրսների նշանակությունը` նորանոր տնտեսական հնարավորություններ ստեղծելով ոլորտում ուղղակի և անուղղակի ներգրավված բոլոր կողմերի համար։
Ուրախ եմ արձանագրել, որ մեր ընկերությունների լեռնահանքային համալիրն արդեն այնպիսի դինամիկ զարգացող միավոր է, որտեղ շարունակական տեխնոլոգիական արդիականացման գործընթացը սովորական է դարձել, ուր մենք փորձում ենք տարիների աշխատանքային ավանդույթներն ինտեգրել ժամանակակից տեխնոլոգիական նորարարությունների հետ։ Մեր ամենօրյա օրակարգում են աշխատանքի պաշտպանության, բնապահպանության ու սոցիալական ծրագրերը։ Վերջինիս խոսուն օրինակը աշխատակիցների` վերջերս ներդրված բժշկական ապահովագրության համակարգն է։ Մեր նորաստեղծ ուսումնական կենտրոնի շնորհիվ մենք սկսել ենք վերահսկել նաև աշխատակիցների հաստիքային կոմպետենտության մակարդակը, որը թույլ է տալիս համակարգային մոտեցմամբ մասնագիտական առաջխաղացման և աշխատանքային պայմանների բարելավման նախապայմաններ ստեղծել։
Այս տոնական առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանքարդյունաբերության ոլորտի բոլոր աշխատակիցներին` անկոտրում կամքի, անսպառ ջանքերի և անձնուրաց նվիրումի համար։ Թող ձեռքբերումները լինեն շարունակական, աշխատանքը՝ գնահատված ու բավականություն պարգևող։
Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ սեր, առողջություն ու բարեկեցություն։
Հարգանքով`
Սասուն Ավետիսյան»։