Կարեն Զախարյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած  բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: 

Ինչպես տեղեկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Կարեն Զախարյանը մրցաշարում գերազանց է հանդես եկել մինչ եզրափակիչ հասնելը՝ հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին: 

Սակայն հայ մարզիկը եզրափակիչ մենամարտին չի կարողացել մասնակցել, քանի որ կիսաեզրափակիչ մենամարտում ստացել է ոտքի վնասվածք և ի վիճակի չի եղել շարունակել պայքարը: 

«Իհարկե, ափսոս էր, որ Կարենը չկարողացավ եզրափակիչ մենամարտին մասնակցել։ Մենք հավատում ենք նրա կարողություններին ու հավատացած էինք, որ նա կնվաճի չեմպիոնի կոչումը, սակայն դրան խանգարեց լուրջ վնասվածքը։ Ամեն դեպքում, արծաթե մեդալն էլ շատ լուրջ նվաճում է մեզ համար, ու հավատացած ենք, որ Կարենը դեռ շատ մեդալներ է նվաճելու միջազգային մրցաշարերում»,-նշեց Գևորգ Սարգսյանը։

ajax-loader