Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել։
Ծովինարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 198 միլիոն 750 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ինչպես փոխանցեցին Մարտունու համայնքապետարանից, ծրագրով նախատեսված է Ծովինարի ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցում՝ 6010 մետր երկարությամբ, տարբեր տրամաչափերի երկաթբետոնե կիսախողովակներով։
Ջրատարի արտաքին ցանցը կազմում է 1 կիլոմետր 300 մետր, ներքին ցանցը՝ 4 կիլոմետր 700 մետր, որը կառուցվել է բնակավայրի ներսում, տարբեր թաղամասերում։
Շինարարական աշխատանքներն արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում արդեն շուրջ 350 հեկտար տարածքում ոռոգման ջուրն անկորուստ ու ժամանակին մատակարարվում է Ծովինար գյուղի 250 տնտեսություններին։