Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում հաստատեց 2024–2025 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակն է աշխատաշուկայի պահանջարկին համընթաց մասնագետների պատրաստումը, և այդ նպատակով վերջին տարիներին ներդրվել են մի շարք նոր գործիքներ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությունը խթանող և աշխատաշուկայի վրա հիմնված մոտեցումներ։
«Նախորդ տարի ներդրվեց առնվազն 50 000 դրամ կրթաթոշակների տրամադրման մոտեցումը արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների համար։ Այս քաղաքականության շնորհիվ արդեն երրորդ անգամ մենք իրականացնում ենք կրթաթոշակների տրամադրում, և ՄԿՈՒ համակարգում նախորդ տարի ունենք ավելի քան 15 հազար նոր ուսանող։ Ընդհանուր ուսանողների թիվը հասել է 45 հազարի»,–ասաց նախարարը։
2024–2025 ուսումնական տարվա համար պետության կողմից կփոխհատուցվի 6064 տեղ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով և 3312 տեղ՝ արհեստագործական ծրագրերով, որոնց բաշխման հիմքում դրվել են աշխատաշուկայի կարիքները, ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հնարավորությունները, լիցենզավորված ծրագրերը և մասնագիտական ներուժը։
«Ուսանողների շուրջ 90 տոկոսը, որոնք սովորում են մարզային հաստատություններում, օգտվում են պետության կողմից փոխհատուցվող տեղերից։ Այս տարի ևս առաջնահերթությունը տրվում է հենց մարզերին»,– ընդգծեց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ որոշման նախագիծը ներառում է 58 ուսումնական հաստատություն՝ արհեստագործական 41 մասնագիտությամբ, և 74 ուսումնական հաստատություն՝ միջին մասնագիտական կրթական 116 մասնագիտությամբ։
Անդրեասյանը նշեց նաև, որ արդեն մի քանի տարի իրականացվում է նաև փորձարարական կրթական ծրագրերի ներդրում։ Մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկ համակարգերի սպասարկման մասնագիտության գծով նախորդ տարի հատկացված 200 տեղերը լիովին համալրվել են, ընդ որում՝ կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կազմել է շուրջ 285։
Նրա խոսքով՝ այս մասնագիտության դիմելիությունն այնքան մեծ է, որ լրացուցիչ խթանման կարիք այս պահին չեն տեսնում, և որոշել են այն չներառել նոր խրախուսվող ցանկում։
«Դրա փոխարեն ավելացվել է, օրինակ, կաշվե իրերի մասնագիտությունը»,– նշեց նախարարը։