Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ ներկայացուցչության շենքի սեփականության գրանցումը

Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Այդ մասին տեղեկացավ «Դատալեքս» համակարգից։ Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2007 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության սեփականության իրավունքի գրանցումը։ 

Գործի պատասխանող կողմ է ՀՀ կադաստրի կոմիտեն, իսկ որպես հայցվոր ներկայացվում է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մերի Հովհաննիսյանը։

Դատական գործը վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման վկայականի (համար՝ 2239396) անվավեր ճանաչման պահանջին։ Դատական նիստերի օրերը դեռ չեն հրապարակվել։

Շենքը երկար տարիներ օգտագործվել է որպես Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության գրասենյակ Երևանում։ 

ajax-loader