Վահան Կոստանյանն ու Ելենա Շեկերլետովան Հայաստան-Բուլղարիա քաղաքական երկխոսության մակարդակը բարձր են գնահատել

Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ  Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է Բուլղարիայի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը: 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով վիզաների դյուրացման համաձայնագրի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

Վահան Կոստանյանը բուլղարական կողմին է ներկայայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

ajax-loader