Սուրճը թանկանում է

Արաբիկա տեսակի սուրճի գինը ակտիվորեն աճում է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն 2025 թվականի օգոստոսի 1-ից կսահմանի 50% մաքսատուրք Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների, այդ թվում՝ սուրճի վրա։

Նյու Յորքի բորսայում հինգշաբթի առևտրի ընթացքում արաբիկայի ֆյուչերսների գները բարձրացել են ավելի քան 3.5%։

«Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք Բրազիլիայից ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների վրա կսահմնենք 50% մաքսատուրք՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող ոլորտային մաքսատուրքերի», – ասվում է Դոնալդ Թրամփի՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված նամակում, որը հրապարակվել է Truth Social սոցիալական ցանցում։

Lavazza Group ընկերության ղեկավար Ջուզեպպե Լավացան ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքերը լուրջ խնդիր չեն, սակայն սուրճ արտադրող առաջատար երկրների՝ մասնավորապես Բրազիլիայի և Վիետնամի դեմ սահմանվող մաքսատուրքերը կարող են հանգեցնել սուրճի գների աճի ԱՄՆ սպառողների համար։

«Խնդիրը Ամերիկայի և Եվրոպայի միջև մաքսատուրքերում չէ։ Խնդիրն այն է, թե ինչպիսի մաքսատուրքեր են սահմանվում ԱՄՆ-ի և Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Վիետնամի, ԱՄՆ-ի և սուրճ արտադրող այլ երկրների միջև: Արդյունքում, սուրճի գինն ԱՄՆ-ում անպայման կբարձրանա»,-ասել է նա։

ajax-loader