Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Արվեստի կերամիկա» խմբակի բացումը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում տեղի  ունեցել ուկրաինական մշակութային կենտրոնի «Արվեստի կերամիկա» խմբակի բացումը։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Հայկական Կարմիր Խաչի և Միջազգային Ֆեդերացիայի կողմից՝ Ուկրաինայի դեսպանատան նախաձեռնությամբ, Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնի երեխաների վարպետության դասերի համար ձեռք են բերվել կավագործական սարքավորումներ և նյութեր։

Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնի «Արվեստի կերամիկա» խմբակի բացման առիթով Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն են այցելել Հայաստանի Հանրապետությունում  Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, դեսպանատան աշխատակիցներ, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ ներկայացուցիչներ, Հայկական Կարմիր Խաչի կամավորական և երիտասարդական բաժնի ղեկավար Ռոզա Ստեփանյանը, Հայաստանում Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի Միջազգային Ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Ազամատ Բայալինոան։ Պատվիրակության կազմում են եղել  նաև հայտնի ուկրաինացի երաժշտագետ, դաշնակահար և ուկրաինական երաժշտական մշակույթի դեսպան, դոկտոր Տարաս Ֆիլենկոն և Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ։

«Ուկրաինայի դեսպանատան նախաձեռնությամբ ձեռք բերված կավագործական սարքավորումներով և նյութերով կզբաղվեն Սևանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ինչու չէ, նաև նրանց ծնողները՝ այցելելով Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն, որը տեղակայված է Սևանի երաժշտական դպրոցի շենքում։

Ներկաները, ինչպես նաև Սևանի երաժշտական դպրոցի աշակերտները «Արվեստի կերամիկա» խմբակի բացման շրջանակներում ունկնդրել են նաև դաշնամուրի վարպետության դաս և դաշնամուրային կատարումներ հայտնի ուկրաինացի երաժշտագետ, դաշնակահար և ուկրաինական երաժշտական մշակույթի դեսպան, դոկտոր Տարաս ֆիլենկոյի կողմից»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։ 

ajax-loader