ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ևս մի քանի երկրի նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ՀԱՀ-ի, Մալայզիայի, Մյանմայի և Լաոսի նկատմամբ։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 40% մաքսատուրք կսահմանի Լաոսից և Մյանմայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, 30% էլ ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա։ Բացի այդ, Մալայզիայից ներկրվող ապրանքները հաջորդ ամսվանից կհարկվեն 25% մաքսատուրքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել ևս 14 երկրի նկատմամբ։ Այդ ցանկում էին նաև Ճապոնիան և Հարավային Կորեան։

Վերջերս Կրեմլը արձագանքել էր Թրամփի՝ BRICS-ի երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գաղափարին։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ BRICS-ի շրջանակում համագործակցությունը երբեք չի եղել և չի լինելու ուղղված որևէ երրորդ երկրի դեմ։

ajax-loader