Թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում ընդլայնելու և զարգացնելու նպատակով հուլիսի 7-11-ը Երևանում անցկացվում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը։
Դասընթացի նպատակներից է նաև ամրապնդել թանգարան-դպրոց համագործակցությունը՝ ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ժամանակակից կրթական բարեփոխումների շրջանակում պետական կրթական նոր չափորոշիչները շեշտադրում են անձնական, մետաառարկայական և առարկայական կարողությունների ձևավորումը։ Այս դասընթացի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ թանգարանների ներառման համար՝ նոր չափորոշիչների գործնական կիրառման գործընթացում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանային մանկավարժության հիմունքներին, թանգարան-դպրոց համագործակցության տեսակներին, մեթոդներին, տեղական և միջազգային փորձին, այս բնագավառում երկու կառույցների համագործակցության առկա խնդիրներին։ Ծրագրի արդյունքում ուսուցիչների և թանգարանային մանկավարժները համատեղ կմշակեն դպրոցական ուսումնական ծրագերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր` ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան։ Դասընթացը կիրականացվի դասախոսությունների, փորձի փոխանակման և թիմային աշխատարաններ- վարժանքների ձևով։
Երրորդ փուլը նախատեսում է «Թանգարանային կրթական ծրագրերի» ուսումնական ձեռնարկ-ուղեցույցի կազմում և տպագրություն։ Դասընթացին կմասնակցեն 36 մենթոր դպրոցի ուսուցիչներ և 14 թանգարանային մանկավարժներ։ Դասընթացն իրականացնում են «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։