Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանում և սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությանը, որով վերջիններս կոչ էին արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և գործարար Սամվել Կարապետյանին։

Վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

Առավել ևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ, որ Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել էր հունիսի 26-ին՝ ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության յուրացում նախապատրաստելու մեղադրանքով։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել էր հունիսի 28-ին՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն էլ կալանավորվել էր հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։

Հուլիսի 4-ին Հայաստանում և սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հայտարարություն էին տարածել՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սամվել Կարապետյանի և նրանց հետ կապակցվող անձանց կալանավորումը որակելով ապօրինի և իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ 

ajax-loader