Գիտնականների միջազգային թիմը նկարագրել է Լուսնի վրա բույսեր աճեցնելու ուղիները: Հետազոտությունը հրապարակվել է Engineering & Technology ամսագրում։
Գիտնականների կարծիքով՝ Երկրի բնական արբանյակի մակերեսը ծածկված է ռեգոլիթով, որը ոչ պիտանի է բույսեր աճեցնելու համար։ Մյուս կողմից՝ հող ու պարարտանյութ ուղարկելը Լուսին շատ թանկ կարժենա, ուստի հետազոտողները գտել են այլընտրանքային մեթոդներ։
Մասնագետներն առաջարկել են օգտագործել ցելյուլոզային հիմքով սուբստրատ և հիդրոպոնիկ աճեցման մեթոդ:
Գիտնականների կարծիքով՝ բույսերի թափոններից ստացված ենթաշերտը հարմար կլինի որպես մեկուսիչ նյութ՝ սարքավորումների անվտանգ տեղափոխման համար, իսկ հետո այն կարող է օգտագործվել տարբեր մշակաբույսեր աճեցնելու համար։
Նաև մասնագետներն առաջարկել են հիդրոպոնիկա օգտագործել լոլիկի, վարունգի, ելակի և հազարի աճեցման համար։ Հետազոտության հեղինակ Գալինա Սիմոնսենի խոսքով՝ Լուսնի բևեռային շրջանները պարունակում են ավելի քան 600 միլիարդ կիլոգրամ սառույց, որոնց մի մասը կարելի է հալեցնել և օգտագործել գյուղատնտեսության մեջ։
Ընթացքում բույսերը կարող են բեղմնավորվել տիեզերագնացների մեզից մեկուսացված օգտակար նյութերով։