ԱՏԳ մասնակիցները ՊԵԿ պաշտոնական կայքէջում կարող են հետևել ներքին տարանցման հայտարարագրերի կարգավիճակին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը կարող է սկսել ապրանքային հայտարարագրի ներկայացման գործընթացը։

Լինելով լրացուցիչ գործիք՝ այն արդյունավետ է հատկապես բոլոր այն դեպքերում, երբ տարանցման եզրափակման գործընթացում ներգրավված է մեկ սուբյեկտ (օրինակ՝ փոխադրող), իսկ ապրանքային հայտարարագիր ներկայացնում է մեկ այլ սուբյեկտ (օրինակ՝ մաքսային միջնորդ), ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ փաստաթղթեր ու տեղեկություններ փոխանակելու՝ տեղեկանալ տարանցման ավարտի մասին․

Ներքին տարանցման փնտրման համակարգում ներդրված նոր գործիքակազմը  հնարավորություն է տալիս տնտեսվարողներին խնայել ժամանակ և այլ ռեսուրսներ՝ նպաստելով մաքսային գործառնությունների արագացմանը։

Պետական եկամուտների կոմիտեն շարունակելով մաքսային թվայնացմանը միտված բարեփոխումները, առաջիկայում ևս նախատեսում է համակարգը համալրել տեղեկատվական տեխնոգիաների այս գործիքակազմով՝ մաքսային գործառնությունների ամբողջական շղթան թվային հարթակում սպասարկելու նպատակով:

Մանրամասները՝ տեղեկատվական հոլովակում. https://www.youtube.com/watch?v=C5Y592f5PmU

ajax-loader