Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. վարչապետ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն:

Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:

Փաշինյանը հավելեց՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

ajax-loader