Հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը։ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Սամվել Կարապետյանը գիշերը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր տան տարածքը լքելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»։

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։

Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից։

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։

Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան լուրեր տարածվեցին, որ իրավապահ մարմինները ձերբակալել են գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանի տանը իրավապահները գործողություններ էին իրականացնում, իսկ Կարապետյանը տանն էր։ Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ իր տան տարածքից հեռացել է հունիսի 18-ի գիշերը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նրա եղբայր Կարեն Կարապետյանը և վերջինիս որդին, որոնք նույնպես ուղեկցել էին Կարապետյանին, դուրս են եկել ոստիկանության բաժանմունքից։ Կարեն Կարապետյանի կարգավիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։ 

«Տաշիր» ընկերությունների խումբը 2015 թվականի հոկտեմբերից «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։ 

ajax-loader