Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ՝ վճռորոշ պատասխան խոստանալով հարվածներին։ Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Ցավակցություն հայտնելով իսրայելական հարվածներից ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի զոհվելու կապակցությամբ՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ պատրաստ է լիակատար ուժով և զգոնությամբ «վճռական և կոշտ պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։
«Ահաբեկչական նման գործողություններին և հանցավոր միջադեպերին հակազդելու համար անհրաժեշտ նախազգուշական միջոցներն ու պլանավորումն արդեն ձեռնարկվել են, և իրանցի ժողովրդին կներկայացվեն թշնամու կողմից այս հանցավոր գործողության մանրամասները, ինչպես նաև պատասխան գործողությունների մանրամասները, որոնք խորը ափսոսանք կառաջացնեն», – նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ իսրայելական հարվածների առնչությամբ ուղերձ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ խոստանալով, որ երկիրն անպատիժ չի թողնի այս հարձակումը։