Ֆիոլետովոյում կայացել է նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքը

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը կունենա մարզադահլիճ և բուժկետ։ 

Ծրագիրը ֆինանսավորում է ռուսական կողմը. շենքը նախատեսված է շահագործման հանձնել 2026 թվականին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ։ Դասավանդվելու է ֆիզկուլտուրա, արվեստ, նկարչություն։ 

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր խոսքում ընդգծել է, որ Ֆիոլետովոն եզակի վայր է՝ հարուստ պատմությամբ և ամուր ավանդույթներով։ «Այստեղ ապրում են մոլոկաններ, որոնք պահպանել են իրենց հավատը, մշակույթն ու բարյացակամության ոգին։ Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանը հիշում է ձեզ, սիրում է ձեզ և անչափ գնահատում»,- ասել է Պրիմակովը և հավելել, որ այս նախագիծը կարող է դառնալ հաջող ներդրման օրինակ՝ հայ-ռուսական ընդհանուր ապագայի համար։ 

Բարձր գնահատելով ծրագրի կարևորությունը՝ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն են կրթական հաստատությունների զարգացմանն ու կառուցմանը միտված ծրագրերը։ Այդ թվում՝ մեծ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների պայմանների բարելավմանը։ 

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ պաշտոնատար անձինք։  

ajax-loader