Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ «Կերոն» զարգացման հիմնադրամը և Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարեցին երեք նոր, ժամանակակից հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ «Կերոն» հիմնադրամի տարածքային զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող այս նախաձեռնությունը միտված է մայրաքաղաքում նոր որակի հարմարավետ, գերհագեցած, հանրային անվճար խաղային տարածքների ձևավորմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխայի կարիքներն ու անվտանգ զարգացումը։
Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում, Խաչքարերի պուրակում և Միսաք Մանուշյանի անվան պուրակում նախատեսվում է ստեղծել տարբեր՝ մասնավորապես 0-3, 3-7 և 7-12 տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ:
«Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնադիր Մարետա Գևորկյանը նշում է.
«Որպես մայր՝ ես լավ գիտեմ, թե որքան կարևոր է, որ մեր երեխաները մեծանան միջավայրում, որը ոչ միայն ապահով է, այլև ոգեշնչող։ Ես հավատում եմ, որ հենց երեխաներն են մեր վաղվա ուժը։ Որպես «Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնադիր՝ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է երեխաների առողջ և երջանիկ մանկության ապահովմանը։ Այս համոզմունքով է նախաձեռնվել հանրային խաղահրապարակների կառուցման ծրագիրը։ Սա պարզապես նոր խաղային տարածքների ստեղծում չէ, սա ներդրում է մեր քաղաքի և մեր երեխաների ապագայի մեջ»։

Մարետա Գևորկյանի խոսքով՝ խնամքը պարզապես ռեսուրս չէ։ Այն նախ պատրաստակամություն է՝ տեսնելու կարիքը, տեսնելու հնարավորությունը, նույնիսկ երբ առաջին հայացքից թվում է, թե այն չկա:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը հավելում է.
«Անվճար, ժամանակակից, անվտանգ ու հագեցած խաղահրապարակներ, որտեղ ծնողները կարող են պարզապես նստել նստարանին, իսկ երեխան առանց ձանձրանալու իր հասակակիցների հետ խաղա, ցավոք, մեր երկրում քիչ են կամ չկան: Յուրաքանչյուր ծնողի համար այսօր մեծ խնդիր է երեխայի համար հետաքրիր ժամանց «հորինելը», իսկ երեխաներին շատ բան պետք չէ. եթե լինի մագլցելու, սահելու, օրորվելու տարածք, որը միաժամանակ նաև ապահով է ու մաքուր, և՛ երեխան, և՛ ծնողը երջանիկ են: Նոր խաղահրապարակները թույլատրելի սահմաններում մաքսիմալ հագեցած են լինելու, որտեղ կլինեն ինչպես երեխաների կողմից սիրված դասական ճոճանակներ, սղարաններ, այնպես էլ հատուկ այս նախագծի համար մշակված նոր խաղային սարքավորումներ, որոնք արդեն պատվիրված են մանկական հրապարակներ կառուցող աշխարհի լավագույն ընկերություններում»:
Երեխան պետք է զգա իրեն սիրված, լսված ու պաշտպանված։ Մարետա Գևորկյանը հավատում է՝ ամեն փոքր քայլ, եթե արված է սիրով և ոգով, կարող է խորապես ազդել երեխայի զարգացման վրա։ Խաղահրապարակները մտածված են շատ մանրամասն՝ ներառական լուծումներից մինչև վերամշակված նյութերի օգտագործում։
Նախագծման գործընթացում կարևոր տեղ է տրվել ներառականությանը. խաղահրապարակները հասանելի կլինեն նաև սահմանափակ կարողություններով երեխաների համար։

Ի լրումն՝ նախագծում ներառված է բնապահպանական բաղադրիչ. օգտագործվող նյութերի մեծ մասը վերամշակված են, այդ թվում՝ օվկիանոսներից հավաքագրված պլաստիկ, բնական փայտ, ռետինե ծածկույթներ, ինչպես նաև աղբի տարանջատման համակարգեր։
Նախագծման փուլում ձևավորվել են մի քանի ֆոկուս խմբեր, որոնց մասնակցել են ծնողներ, համայնքի բնակիչներ և ինֆլյուենսերներ։ Նրանք ներկայացրել են իրենց կարիքներն ու մտահոգությունները, որոնք արդեն իսկ ներառվել են նախագծում։ Այդ թվում՝ շեշտադրվել են ստվերային գոտիները, լուսավորությունը, անվտանգության տեսախցիկները և այլն:
«Խաղահրապարակները մտածված են ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների տեսանկյունից։ Մենք հասկանում ենք, որ երեխայի երջանկությունն անբաժան է նրա կողքին կանգնած մեծահասակների հանգստությունից։ Այդ պատճառով խաղահրապարակների նախագծման փուլում հաշվի է առնվել ոչ միայն երեխաների խաղն ու ուրախությունն, այլ նաև ծնողների հանգստի ու ներգրավման կարևորությունը»,-ընդգծում է Վանանե Արարքցյանը։

Խաղահրապարակների նախագիծը կյանքի է կոչվում այն կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ունեն մեծ փորձ հանրային տարածքների նախագծման և մասնավորապես երեխաների համար միջավայրերի ստեղծման գործում։
«Հիմնադրամը ձգտում է ամուր արժեքների հիմք դնել։ Ամեն մի տարր, յուրաքանչյուր լուծում մտածված է երկարաժամկետ ազդեցության համար։ Սա ռազմավարական որոշում է՝ կայուն, առողջ և հոգատար հասարակություն կերտելու համար»,-ամփոփում է Մարետա Գևորկյանը։