«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կայացել է ևս մեկ, արդեն ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք, որին մասնակցել է 25 ընտանիք (53 անհատ): «Իմ Քայլը» հիմնադրամի գրասենյակից հայտնում են, որ ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։
ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով բարեգործական ընթրիքի մասնակիցներին, ընդգծել է․
«Ներկաներից շատերին առաջին անգամ եմ տեսնում, ինչը վկայում է այն մասին, որ բարեգործական ընթրիքների մշակույթը, որը մեծ դժվարությամբ փորձում ենք արմատավորել Հայաստանում, սկսում է իրեն արդարացնել։ Շուտով կներկայացնենք հիմնադրամի ծրագրերն ու ձեռքբերումները։ Քանի որ ես հաշվետու եմ ձեզանից յուրաքանչյուրի առջև, շատ եմ կարևորում, որ լսեք ծրագրերն ու գնահատեք դրանք։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ «Իմ Քայլը» հիմնադրամի ձեռքը սեղմելու համար»։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը ներկաներին հիշեցրել է հիմնադրամի հիմնական գաղափարախոսության մասին։
«Մեր բոլոր ծրագրերի հիմքում մարդկային ներուժի բացահայտումն է, անհատի զարգացումը, սեփական միջոցներով ու գիտելիքներով առաջ գնալու հնարավորությունը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է, որովհետև այսպիսով մենք հերթական սոցիալ-տնտեսական ծրագիրը չենք իրականացնում, այլ ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր ոչ թե պարզապես օգնություն, այլ՝ հնարավորություն են խնդրում մեզնից»,- ասել է նա։
«Իմ Քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրել է միջազգային համագործակցությունները, իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը, թվային ցուցանիշները և միջազգային գործընկերների հետ վերջին տարիներին ստորագրված համագործակցության հուշագրերը։
«Հիմնադրամի սիրելի բարեկամ ընտանիքնե՛ր, «Իմ Քայլը» հիմնադրամի մեծ ընտանիքի անդամնե՛ր, առանց ձեր ներդման անհնար կլինեին այս բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալ ենք, որ հատկապես այսօր այստեղ եք ու ձեր ներկայությամբ՝ որպես արդեն կայացած և հաջողակ անհատներ, ձեռք եք մեկնում մեր սկսնակ հայրենակիցներին և իրենց ընտանիքներին՝ օգնելով կատարել առաջին քայլերը բիզնեսում։ Մեր տարեկան նախատեսվող բյուջեն աճել է մոտ 650%-ով, իսկ շահառուների քանակը՝ 305%-ով։ Սա փաստում է, որ մեր առաքելության հավատացողների, հիմնադրամին սատարողների, հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատողների թիվը ևս աճել է, ինչը մեզ էլ ավելի է հզորացնում, ուժեղացնում ու մոտիվացնում առաջ գնալ, նորանոր ծրագրեր իրականացնել, ընդլայնել մեր գործունեությունը։ Այս առումով մենք մեզ իսկապես օրհնված ենք զգում», – դիմելով ներկաներին՝ նշել է տիկին Թօփալաքեանը։
Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ, շփվել միմյանց հետ, քննարկել հիմնադրամի գործունեությունը, կիսվել իրենց ամենից շատ տպավորած ծրագրերով։ Հատկապես կարևորություն է տրվել հիմնադրամի միջազգային կապերին, Հայաստանում արտերկրից ձեռք բերված փորձի կիրառման հնարավորություններին, ինչն էլ հենց հիմնադրամի առանցքային նպատակներից է։
Բարեգործական ընթրիքի ամենահուզիչ պահը դարձել է Ռոման Հարությունյանի՝ «Բլյու Սքայ» կառուցապատող ընկերության ղեկավարի արձագանքը՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի զինվորի պատմությանը. երիտասարդը վարձով բնակվում է բարձրահարկ շենքում՝ առանց թեքահարթակի հնարավորության, քանի որ հարևանները համաձայնություն չէին տվել թեքահարթակ կառուցել շենքում։ Ռոման Հարությունյանը, տպավորված պատմությամբ, նոր բնակարան է նվիրել այդ ընտանիքին։