Դավիթ Սանասարյանն արդարացվել է. դատարանը հանցակազմ չի տեսել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, արդարացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին։ Գործը քննվել է շուրջ վեց տարի։ 

Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես՝ մեղադրանքը վերաբերում էր նրան, որ ՊՎԾ-ում պաշտոնավարության ընթացքում պետական գնումների համակարգին առնչվող պաշտոններ զբաղեցրած անձինք միաժամանակ զբաղվել են իրենց ընկերությունների գործունեությամբ։

Ըստ մեղադրանքի՝ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը միաժամանակ եղել է «Զորաշեն» ՍՊԸ-ի սեփականատերը, իսկ վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը՝ «Մեդէքսպերտ» ընկերության պատասխանատու անձը։ Նրանց վերագրվում էր ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների համար գնման ընթացակարգերին ապօրինի միջամտություն՝ ի նպաստ Ադյանի ընկերության։ 

Ըստ մեղադրանքի՝ նշված պաշտոնյաները փոփոխել էին մրցույթի տեխնիկական բնութագրերը, որպեսզի առավելություն ստանա «Զորաշեն» ընկերությունը։ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր ներկայացվել այն բանի համար, որ նա, իբր, թույլ էր տվել և խրախուսել այս գործընթացը։ 

Սանասարյանը իր դեմ առաջադրված մեղադրանքը չէր ընդունել և որակել էր որպես քաղաքական հետապնդում։ 

Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայությունը ղեկավարել է 2018-2020 թթ․։

ajax-loader