ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների պատկերն ու դրանց դեմ պայքարը։
ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է ստորաբաժանման կատարած աշխատանքը։
Վարչության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա բացահայտվել է հանցավոր 3 խումբ, որոնք կեղծ ներդրումային հարթակների միջոցով կատարում էին համակարգչային հափշտակություններ, քննչական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել 18 անձի։ Բացի այդ, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 740 միլիոն դրամ վնաս։
Ուսումնասիրությունների, համացանցի բաց աղբյուրների և հեռահաղորդակցման հավելվածների մշտադիտարկման արդյունքում բացահայտվել է անձանց շրջանակ, որոնք «Տելեգրամ» օգտահաշիվների միջոցով իրականացրել են քաղաքացիների անձնագրային տվյալների, էլեկտրոնային հեռախոսահամարների, էլեկտրոնային դրամապանակների, խաղային հաշիվների և Հայաստանում գործող բանկային ընկերությունների բջջային հավելվածների անհատական հաշիվների գնման գործընթաց և տնօրինելով դրանք՝ ֆիշինգային կայքերի միջոցով կատարել համակարգչային հափշտակություններ և խարդախություններ:
Բացահայտվել է «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք տնօրինող 49 անձի ինքնություն: Ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ թմրամիջոց ու ռազմամթերք, կալանավորվել է 3 անձ:
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ներկայումս շարունակում է սերտ համագործակցել առաջատար մի շարք միջազգային ընկերությունների, ինչպես նաև «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների 24/7 ազգային կոնտակտային կետերի հետ: Այս համագործակցությունն ապահովում է ուղիղ կապուղով օպերատիվ տվյալների, տարբեր քրեական վարույթներով էլեկտրոնային ապացույցների և նոր ի հայտ եկած կիբեռհանցագործությունների տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակման օպերատիվ գործընթացը: Բացի այդ, Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը շարունակել է ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող խոշոր ընկերությունների հետ:
ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, առանձնացրել է մի շարք ուղղություններ և տվել հանձնարարականներ։
Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանման համագործակցության ընդլայնումն ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների հետ։ Ընդգծվել է միջազգային կրիպտոարժույթով զբաղվող ընկերությունների հետ աշխատանքի կարևորությունը՝ ինչպես կիբեռհանցագործությունների, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում։ Հատուկ շեշտվել է բջջային օպերատորների հետ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հանձնարարելով ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել գործընկերությունը։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Կիբեռլաբորատորիայի ստեղծմանը, ինչի ուղղությամբ այս պահին միջազգային գործընկերների հետ տարվում են աշխատանքներ։
Նախարարը հանցագործությունների կանխման նպատակով հանձնարարել է ակտիվացնել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ իրազեկման աշխատանքները, նաև ստեղծել տելեգրամյան հարթակ, ինչի միջոցով քաղաքացիներին կներկայացվեն հանցավոր գործունեության մեխանիզմներն ու դրանցից խուսափելու վարքականոնները։
Քննարկվել են նաև ստորաբաժանման ծառայողների կարողությունների պարբերական զարգացման, ծրագրային և տեխնիկական հագեցվածության մասին հարցեր։