Հայաստանը՝ ի դեմս Մշակույթի զարգացման հիմնադրամի, Լոնդոնում մասնակցել է Բրիտանական թանգարանի միջզագային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին։ Նիստին Հայաստանը ներկայացրել է հիմնադրամի միջազգային հարաբերությունների ղեկավար Հայկ Մկրտչյանը։
Լոնդոնում գտնվելու ընթացքում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի առաջատար թանգարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցություններ և համատեղ ծրագրեր։
Հատկանշական է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Լիզա Սփրինգերի, նույն թանգարանի Ասիական բաժնի համադրող Բելա Ռադենովիչի և Մշակութային ժառանգության և հավաքածուների անվտանգության բաժնի ղեկավար Լաուրա Սիերսոնի հետ հանդիպումը։ Քննարկվել են համադրողների վերապատրաստման ծրագրերի, համատեղ ցուցահանդեսների և թանգարանի հայկական ծագում ունեցեող հավաքածուների ուսումնասիրություններ իրականացնելու հարցեր։
Հանդիպում է կազմակերպվել նաև Լոնդոնի ազգային դիմանկարի թանգարանում (National Portrait Gallery)։ Հանդիպման ընթացքում թանգարանի Միջազգային ծրագրերի ղեկավար Մելանի Փիլբրոուի հետ քննարկվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպվելու հայեցակարգեր։
Իսկ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիքոլաս Քուլինանի հետ հանդիպմանը Հայկ Մկրտչյանը ներկայացրել է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը և առաքելությունը։
Այցի շրջանակներում Մկրտչյանը Լիվերպուլ քաղաքում մասնակցել է ԻԿՕՄ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված «Թանգարանների դերը կայուն զարգացման ծրագրերում» միջազգային համաժողովին։
«Լոնդոնում և Լիվերպուլում անցկացված հանդիպումները բացառիկ հնարավորություն էին ներկայացնելու Հայաստանի մշակութային ներուժը և կառուցելու կամուրջներ միջազգային խոշոր թանգարանների հետ։ Քննարկումները վերապատրաստման, համատեղ ցուցահանդեսների և հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության շուրջ, վստահ եմ, հիմք կդառնան երկարաժամկետ և բովանդակալից համագործակցությունների համար»,-նշել է Մշակույթի զարգացման հիմնադրամի միջազգային հարաբերությունների ղեկավարը։