Գեղհովիտում բացվել է Հայոց բանակին նվիրված լուսանկարների ցուցահանդես

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի մշակույթի կենտրոնում բացվել է «Ազգը՝ բանակ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։ 

Ինչպես տեղեկացրեց ցուցահանդեսի նախաձեռնող ու հեղինակ, լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը, Հայոց բանակի նվիրված ցուցահանդեսը, որի լուսանկարները պատմում են բանակի մասին սկսած 1989 թվականից մինչև ներկա օրերը, առաջին անգամ բացվել է 2025 թվականի փետրվարի սկզբին «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում։ Մարտի 5-ին՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ցուցադրությունը շարունակվել է Արմավիրում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանում։ Իսկ Գեղհովիտում լուսանկարների ցուցադրությունը կայացել է մշակույթի կենտրոնի աջակցությամբ։ 

«Գեղհովիտ գյուղը դարերի պատմություն ունի, այդ են վկայում տարածքում պահպանված կիկլոպյան ամրոցները, այլ հնադարյան հուշարձաններ։ Հայրենական մեծ պատերազմում հարյուրավոր գեղհովիտցիներ մասնակից եղան։ Նանցից կեսը տուն չվերադարձան։ 1967 թվականից գյուղի կենտրոնում կանգուն է նույն նահատակներին նվիրված հուշակոթողը։ Արցախյան գոյամարտում նույնպես շատ գեղհովիտցիներ մասնակից եղան։ 1994 թվականի մարտին Օմարի լեռնանցքը պաշտպանելիս նահատակվեցին Արսենն ու Հարությունը։ Հետագա խաղաղ տարիներին Հայաստանի սահմանը պաշտպանելիս նահատակվեցին գյուղի տղաներից։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դարձյալ շատ գեղհովիտցիների առաջնագիծ տարավ։ Զոհվեց ժամկետային 4 զինծառայող, կա անհայտ կորած։ Հայրենական մեծ պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթողի հարևանությամբ է նորօրյա հերոսների անմահ հուշակոթողը։ Իմ նպատակն է, որպեսզի հատկապես դպրոցականները, ուսանողներն ու երիտասարդները ծանոթանան Արցախյան գոյամարտի հերոսների մասին պատմող ցուցադրությանը։ Եվ ուրախ էի, որ մայիսի 9-ի ցուցադրությանը շատ էին հատկապես դպրոցականները»,-պատմում է Զոհրաբ Ըռքոյանը։  

Ցուցահանդեսը բացվել է Գեղհովիտի մշակույթի կենտրոնի սաների  երաժշտական կատարումներով ու ասմունքով։  

Ցուցասրահի կարմիր ժապավենը կտրել է լուսանկարների հեղինակ Զոհրաբ Ըռքոյանը՝ մշակույթի կենտրոնի՝ արդեն նախկին զինվորական աշխատակցի հետ։ Ցուցադրված է մոտ 300 լուսանկար՝ արված 1989-2025 թվականներին։ 

«Արցախյան առաջին գոյամարտի մասին պատմող լուսանկարներում Շուշին է, Բերդաձորը, Քաշաթաղը, Ավետարանոցը, Ճարտարը, Ակնան, Վանքասարը և այլն, ազատամարտին մասնակցած բազմաթիվ կամավորականներ ու զինվորներ։ 1996 թվականից բնակվելով Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ լուսանկարների հեղինակը տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով այցելել է Արցախի ՊԲ զորամասեր, առաջնագիծ, որի ընթացքում էլ արվել են  այդ օրերի լուսանկարները։ 2014, 2015, 2016 թվականներին Քաշաթաղից շատ կամավորականներ են ժամկետային զինծառայողների հետ պաշտպանել Արցախի սահմանը։ Շատ են այդ օրերի լուսանկարներ ևս․ հեղինակը զենքին զուգահեռ նաև լուսանկարչական խցիկն է օգտագործել։ 2020 թվականի պատերազմի օրերի մասին նույնպես պատմող լուսանկարներ կան։ Առանձին մի պաստառ նվիրված է Գագիկ Գինոսյանին։ 2020 թվականի պատերազմից հետո արված լուսանկարներն արդեն նոր ստեղծված ռազմամարզական ճամբարների, վարժարանների սաների մասին են պատմում»,-ներկայացրել է Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդվարդ Ասլանյանը։ 

Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի վերջը։ 

ajax-loader