«Կլիմայական խոստում» ծրագրով միլիոնավոր մարդիկ օգտվել են մաքուր էներգիայից և կլիմայական կայուն կենսամիջոցներից

Երևանում մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կլիմայական խոստում» նախաձեռնությունների փորձի փոխանակման չորրորդ համաշխարհային քառօրյա աշխատաժողովը։ 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հովանու ներքո անցկացված հանդիպումը մասնագետներին հնարավորություն տվեց կիսվելու փորձով, լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները, կատարելագործելու կլիմայական ծրագրերի իրականացման ռազմավարությունները և բացահայտելու տեղական կլիմայական գործողությունների ու ազգային քաղաքականությունների փոխկապվածությունը: 

Աշխատաժողովը եզակի հարթակ է  համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը խթանելու համար, քանի որ երկրները մեկնարկում են Ճապոնիայի լրացուցիչ բյուջեի (Japan Supplementary Budget – JSB) աջակցությամբ կլիմայական նոր նախաձեռնություններ: Մինչ օրս Ճապոնիայի աջակցությունը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի միջոցով միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տվել օգտվելու  մաքուր էներգիայից և կլիմայական կայուն կենսամիջոցներից:  

«Ճապոնիայի պատրաստակամությունն ավելին է, քան ֆինանսական աջակցությունը, որովհետև այն արտացոլում է գործնական գործընկերությունների և ներառական կլիմայական առաջընթացի հանդեպ խորին հավատը»,– նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

«Այս աշխատաժողովը պարզապես փորձի փոխանակման հարթակ չէ։ Այն համատեղ քննարկումների, գաղափարների գեներացման և նպատակների ներդաշնակեցման  հնարավորություն է, որը մեզ միավորում է որպես երկրներ ու հաստատություններ, որոնք ունակ են գրանցել բազմապատկիչ էֆեկտներ, ինչպես նաև համագործակցել՝ զարգացող երկրների ընդհանուր օրակարգերի համատեքստում», – նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը։

«Այս ծրագրերը կարևոր դեր են խաղում զարգացման հրատապ կարիքներ ունեցող երկրներում արագ և բարձր ազդեցությամբ կլիմայական գործողություններ իրականացնելու համար։ Դրանք գործում են որպես արագացուցիչներ՝ փորձարկելով նորարարական լուծումներ և ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր մասշտաբավորման համար», – ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Հպարտ ենք, որ հյուրընկալում ենք այս գլոբալ հանդիպումը և նպաստում JSB-ի աջակցությամբ երկրներում ավելի արդյունավետ ու ներառական կլիմայական գործողությունների ձևավորմանը։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ամբողջ աշխարհում ազդեցիկ և ներառական կլիմայական գործողություններն առաջ մղելու համար», – նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Քառօրյա աշխատաժողովի օրակարգում ներառված են  մասնագիտական նիստեր, փորձի փոխանակում և այցելություններ Հայաստանում JSB-ի աջակցությամբ ֆինանսավորված  ծրագրերի իրականացման վայրեր: 

ՄԱԶԾ-ի «Կլիմայական խոստում» ծրագիրը ՄԱԿ-ի կլիմայական գործողություններին աջակցության ամենամեծ ծրագրային պորտֆելն է, որն աշխատում է 140-ից ավելի երկրներում ու տարածքներում՝ ուղղակիորեն օգուտ բերելով 37 միլիոն մարդկանց: Պորտֆելն իրականացնում է ավելի քան 2,3 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագրեր՝ հիմնվելով ՄԱԶԾ-ի փորձառության վրա հարմարվողականության, մեղմացման, ածխածնային շուկաների, կլիմայի և անտառների, ինչպես նաև կլիմայական ռազմավարությունների և քաղաքականության ոլորտներում:

Մինչև 2030 թվականը բեկումնային տարիներ են սպասվում՝ մոլորակի ջերմաստիճանի աճը 1.5℃-ից ցածր պահելու տեսանկյունից: Փարիզի համաձայնագրի մասնակից երկրները իրենց ազգային կլիմայական պարտավորությունների վերանայումն ամփոփելիս՝ պետք է ձգտեն ավելիին, ընդլայնեն կլիմայական լուծումների ծավալը, ինչպես նաև ամրապնդեն ողջ հասարակությանը ներառող մոտեցումներ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Կլիմայի Խոստում» նախաձեռնության առաքելությունն ազգային կլիմայական պարտավորությունները  (Ազգային Սահմանված Ներդրումներ) բարելավելու և իրականացնելու հարցում երկրներին աջակցելն է։  Այս աջակցությունը ներառում է բազմաթիվ ոլորտների փորձառություններ՝ հարմարվողականությունից և կայուն էներգետիկայից մինչև կլիմայական ֆինանսավորում, արդար անցում և սոցիալական ներառականություն:

«Կլիմայական Խոստումը» հիմնականում հենվում է հզոր միջազգային գործընկերությունների վրա, որոնք հանգեցնում են արդյունավետ միջամտությունների: Ճապոնիայի Կառավարությունը իր լրացուցիչ բյուջեի միջոցով աջակցություն է ցուցաբերում զարգացող երկրներին՝ կլիմայական լուծումների արագ իրականացման համար: Մեկ տարի տևողությամբ այս ծրագրերը ցույց են տալիս, թե ինչ արդյունքներ կարելի է արձանագրել կարճ ժամանակահատվածում՝  հնարավորություն տալով փորձարկել լուծումներ, որոնք կարող են հետագայում ընդլայնվել իրենց մասշտաբով: 

2023 և 2024 թվականներին վերոնշյալ համատեքստում Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված երկրները հանդիպել են համապատասխանաբար Քենիայում և Շրի Լանկայում՝ կիսվելու իրենց գործողությունների արդյունքներով և փոխանակելու իրենց մարտահրավերների ու հաջողությունների փորձը: Այս տարի նմանատիպ աշխատաժողով է անցկացվում Հայաստանում՝ հնարավորություն տալով մասնակից երկրներին օգտվել անցյալի դասերից և համագործակցել գործողությունների արդյունավետ իրականացման համար՝ վերանայելու նախորդ հանդիպումների փորձը՝ նախապատրաստվելով նոր ծրագրերին:

Աշխատաժողովի նպատակն է նպաստել գլոբալ և ազգային կլիմայական գործողություններին՝ նպատակաուղղված միջամտությունների միջոցով, տալով հնարավորություն օգտագործելու անցյալի փորձը, լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները և կատարելագործելու նախագծերի իրականացման ռազմավարությունը:

Հիմնական արդյունքը կլինի գործնական համայնքի ստեղծումը, որը կնպաստի գիտելիքների փոխանակմանը և փոխադարձ աջակցությանը նախագծերի ողջ շրջափուլի ընթացքում: 

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Ֆիլիպիններից, Շրի Լանկայից, Թունիսից, Ուզբեկստանից, Իրաքից և Եմենից կառավարական և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ (ավելի քան 30 մասնակից):

ajax-loader