Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել են որոնողական աշխատանքները: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։