FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հայտնում է, որ վերջերս իր խնամքի
տակ է վերցրել Վայոց ձորի մարզից փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։ Կենդանին կենտրոն է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։
Ներկայում մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է` փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի վիճակը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և նրա համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հետագա առողջ զարգացման համար։

«Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է
բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:- «Կենդանին կվերադառնա իր բնական միջավայր միայն այն ժամանակ, երբ մեր մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու վայրի բնության մեջ»։
FPWC-ն արդեն ունի նմանատիպ գործողությունների մի շարք հաջողված փորձեր, որոնք հույս են
տալիս, որ այս փոքրիկի պատմությունը ևս կպսակվի հաջողությամբ։ Կենտրոնը կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել արջի քոթոթի վիճակի և վերականգնման գործընթացի մասին։
Հանրության համար կարևոր հիշեցումներ
Եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, խնդրում ենք հետևել այս կարևոր ցուցումներին՝
. Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և
ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով,
. Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից,
. Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների
օգնությանը,
. Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝
08000411։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հիմնվել է FPWC-ի կողմից և
մասնագիտացած է Հայաստանի տարածքում գտնվող վնասված, հիվանդ կամ որբացած վայրի կենդանիների փրկարարական աշխատանքներում, բուժման և վերականգնման ծրագրերում: Կենտրոնի առաքելությունն է` պաշտպանել Հայաստանի կենսաբազմազանությունը և երաշխավորել վայրի կենդանիների բարեկեցությունը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ