Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի

Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքն ավելի քան 70 կմ սլացել է առանց մեքենավարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ գնացքն առանց մեքենավարի սլացել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատուա քաղաքից մինչև Փունջաբի նահանգի Հոշիարպուրի շրջան։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 7։25-ից 09։00-ի միջակայքում։

Ջամու և Քաշմիրից Փունջաբ ուղևորվող 53 վագոն ունեցող գնացքը, որը բեռնված է եղել խճաքարերով, կանգ է առել Կատուայում անձնակազմը փոխելու համար։ Ըստ իշխանությունների, երբ մեքենավարը և նրա օգնականը դուրս են եկել գնացքից, այն սկսել է սլանալ երկաթգծերով դեպի վար։

Գնացքը շարժվել է 100 կմ/ժ արագությամբ՝ անցնելով 5 կայարաններով։ Շարժվող գնացքի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո պաշտոնյաները փակել են դրա ճանապարհին գտնվող երկաթուղային գծերի անցումները։

Գնացքը կանգնել է միայն այն բանից հետո, երբ երկաթգծերի վրա փայտե բլոկներ են տեղադրել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

ajax-loader