Շաբաթը 7 օր, 24 ժամ՝ պահպանություն. անտառային տնտեսություններում վերահսկողությունը խստացվում է

Ընթացիկ տարվա հունվարից հանրապետությունում անտառների պահպանության հիմնական գործառույթը տրվել է նոր ստեղծված էկոպարեկային ծառայությանը։ Այն իր պահպանության տակ է վերցնում անտառային ու հատուկ պահպանվող տարածքները։  Հրավիրած ասուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անտառների պահպանության մակարդակի բարձրացմանը։

«Իրականացվելու են առավել խստացված ռեժիմով անտառի պահպանության աշխատանքներ։ Էկոպարեկները վերահսկողություն են իրականացնելու անտառներում ու անտառներին մոտ գտնվող ճանապարհների վրա։ Նրանք իրականացնելու են ստուգումներ, հետևելու են անտառի փայտանյութի տեղաշարժին, ուշադրության կենտրոնում են պահելու ապօրինի որսը, հողի հարթեցման, հողի տեղափոխման աշխատանքները, ջրային ռեսուրսների պահպանությունը և այլն»,-ասաց Սևակ Մարկոսյանը։

Էկոպարեկները անտառի պահպանության գործում տեխնիկական լայն հնարավորություններ են ունենալու։ Ձեռք են բերվելու ժամանակակից սարքավորումներ, դրոններ, պարեկները շրջելու են ամենագնաց ավտոմեքենաներով։ Անտառներում գործարկվելու են ձայնի, ծխի ազդանշանային սարքեր, որոնց տեղեկությունը ստացվելու է կենտրոնական կառավարման համակարգում, ըստ այդմ էլ իրականացվելու են հրատապ գործողություններ։  Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ էկոպարեկներն արդեն գործնականում կաշխատեն։

«Էկոպարեկները ծառայություն են իրականացնելու շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով։  Սա շատ կարևոր է, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ խախտումները, ապօրինությունները լինում են ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային ժամերին»,-ասաց Սևակ Մարկոսյանը։

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ ողջունում են էկոպարեկային ծառայության հիմնումը։ Նրա կարծիքով՝ դա ուժեղ ուղերձ է, բավական մեծ անձնակազմ է ներգրավվելու։

«Անտառն ազգային հարստություն է։ Հաճախ շատերն անտառների դերը էսթետիկ են պատկերացնում, թվում է՝ գեղագիտական նշանակություն ունեն, սակայն իրականում անտառները դրանից զատ ունեն խիստ ռազմավարական նշանակություն։ Անտառները ջրային ռեսուրսների պահպանման երաշխիք են, պաշտպանում են հողը էրոզիայից, դա նշանակում է չենք կորցնում հողի բերքատվությունը, թթվածինը, անտառն օդը մաքրելու կարևոր աղբյուր է և այլն։ Անտառների պահպանության ոլորտի խնդիրները շատ են։ Կարող եմ առանձնացնել անտառային տարածքներում կենդանիներին արածեցնելը, ծառահատումները, թեպետ այս առումով որոշակի առաջընթաց կա, թվերը կրճատվել են, մյուս խնդիրը վայրի տարածքները, արոտավայրերը հրդեհելն է, ինչը վտանգավոր է և կրակը հասնում է անտառային շերտեր»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։ Մասնագետը նշեց, որ խնդիրները պետք է համակարգային լուծումներ ստանան։ Միայն արգելելով կամ պատասխանատվության ենթարկելով խնդիրը չի լուծվի։ Անհրաժեշտ է վերհանել պատճառները և գյուղացիներին այլընտրանք առաջարկել, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնել։  

Անտառների հաշվառման տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում անտառային հողերը կազմում են  459,9 հազար հա, որից 334,1 հազար հա-ը անտառածածկ տարածքներ են։ Սա կազմում է Հայաստանի տարածքի 11,2 տոկոսը։ Սրանք 1993 թվականի տվյալներ են։ Դրանից հետո անտառային հաշվառում որպես այդպիսին չի արվել։ Պատկան գերատեսչությունն իրականացնում է աշխատանքներ և արդեն 2025 թվականի բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված են միջոցներ անտառների հաշվառման համար։

Մասնագետները նշում են, որ ամեն դեպքում 11,2 տոկոսը դիտարկվում է ցածր ցուցանիշ։ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն և նախատեսվում է մինչև 2030 թվականն իրականացնել շուրջ 50 հազար հա անտառապատման աշխատանքներ։ Մինչև 2050 թվականը պետք է  անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի։

ajax-loader