ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Հալեպի նահանգապետի տեղակալն անդրադարձել են հայ-սիրիական կապերին

Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելել են Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ մանրամասնելով, որ Հալեպի նահանգապետի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Ապտ ու-Մունայիմ Ազատտինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմեդ Բատաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եասեր Մաուլոյը: 

Նշվում է, որ փոխադարձ ճանաչողական զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որն ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել՝ վերականգնելու հանդուրժողականությունը:  

«Հյուրերն իրենց լիարժեք համաձայնությունն են հայտնել այս ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ մեծ ակնածանք և հարգանք ունեն, ու այդ վերաբերմունքը շարունակական պիտի լինի»,-նշված է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: 

Վերջինիս փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նաև ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը բոլոր ասպարեզներում, որն ավանդաբար գոյություն ունի Հայաստանի և Սիրիայի միջև՝ հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցել և համագործակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ:  

Հաղորդվում է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ վերջերս Դամասկոս կատարած այցելության, ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը:  

«Գլխավոր հյուպատոսը նաև համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Հալեպի նահանգապետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: 

Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: 

«Արա Ավետիսյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել է մոտ ժամանակներում այցելել նրան»,-փոխանցել է պարբերականը:

ajax-loader