Զելենսկին մերժել է ՌԴ-ին տարածքներ զիջելու գաղափարը՝ հանուն խաղաղության համաձայնագրի

Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Ադ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։ 

Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է «ժամանակավոր օկուպացիա»։

Նա այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինային աջակցող կամ   միջնորդներ լինել ցանկացող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը։ 

«Մենք չենք ցանկանում ոչինչ, ինչը մեզ չի պատկանում»,- վստահեցրել է նա: 

Ավելի ուշ Զելենսկին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե մշտական պատերազմ, այդ պատճառով էլ Կիևն ասում է, որ «անվտանգության երաշխիքները դրա բանալին են»։

«Մոտ ապագայում մենք բոլորս Եվրոպայում կձևակերպենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն սահմանները, որոնց պետք է հասնենք և այն սկզբունքները, որոնց հարցում մենք չենք կարող զիջումների գնալ։ Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ամուր և տևական խաղաղությունը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու պատշաճ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

ajax-loader