ԱՏՁՄ-ն մի շարք նախագծեր կիրականացնի կիբերանվտանգության ոլորտում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) պլանավորում է ընդլայնել իր ծրագրերը՝ ընդգրկելով նաև կիբերանվտանգության ոլորտը։ Այդ մասին հայտարարել է Միության վերընտրված նախագահ, Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

«Մենք ավանդաբար կազմակերպում ենք հաքաթոններ, սակայն կիբերանվտանգության ոլորտը նախկինում մեր առաջնահերթությունների մեջ չէր մտնում։ Սակայն խնդիրը գնալով մեծանում է, և մենք արդեն քննարկել ենք այս հարցը՝ եզրակացնելով, որ այս տարի և առաջիկայում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու դրան։ Նախկինում մենք հիմնականում կենտրոնացած էինք ՏՏ համակարգերի զարգացման վրա, սակայն այժմ այն փուլում ենք, երբ ունենք բազմաթիվ էլեկտրոնային հարթակներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ուստի դրանց կիբերպաշտպանության հարցերը պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է Եսայանը։

ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը հավելել է, որ Միությունը նախնական փուլում նախատեսում է համագործակցել համալսարանների և միջազգային գործընկերների հետ այս հարցում։ Բացի այդ, նախատեսվում է նոր ուսումնական ծրագրերի մշակում, որոնք կկիրառվեն նաև «Արմաթ» լաբորատորիաներում։

Նշենք, որ ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի միությունները ձգտում են զգալի ներդրում ունենալ կիբերանվտանգության բարելավման գործում՝ մշակելով ստանդարտներ, պատրաստելով մասնագետներ, կազմակերպելով համատեղ նախաձեռնություններ և ներդնելով նոր տեխնոլոգիաներ՝ տեղեկատվության պաշտպանության համար։

Օրինակ՝ Ավստրալիայում ՏՏ ընկերությունների միությունները, ինչպիսիք են Australian Information Industry Association (AIIA)-ն, կարևոր դեր են խաղում երկրում կիբերանվտանգության բարելավման համատեղ ջանքերի համակարգման գործում։ Նրանք համագործակցում են կառավարության և խոշոր կորպորացիաների հետ՝ մշակելու և տարածելու կիբերպաշտպանության ստանդարտները, ինչպես նաև աջակցելու առաջադեմ տեխնոլոգիաների և տվյալների պաշտպանության մեթոդների կիրառմանը։

Եվրոպական միությունում գործում է European Union Agency for Cybersecurity (ENISA) կառույցը, որը տրամադրում է հանձնարարականներ, կազմակերպում է ազգային մարմինների համար վերապատրաստումներ և մշակում է ռազմավարական մոտեցումներ՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության համար։ ԵՄ ՏՏ ոլորտի միությունները սերտորեն համագործակցում են ENISA-ի հետ՝ ապահովելով անվտանգության համընդհանուր ստանդարտների մշակումն ու կիրառումը բոլոր անդամ պետությունների համար։

ajax-loader