Միջազգային շուկան աստիճանաբար բացվում է հայկական ընկերությունների համար։ Այս մասին այսօր հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հանդես գալով միության 24-րդ համագումարում։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ՏՏ ոլորտում նկատվում է որոշակի հետընթաց։ Անցած տարում ոլորտի ավելի քան 5 հազար մասնակից, ներառյալ անհատ ձեռնարկատերերը, դադարեցրել են իրենց գործունեությունը։ Սա կապված չէ միայն մեկ գործոնի հետ. աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ։ Ամենամեծ ազդեցություններից մեկը դրամի կտրուկ 20%-ով ամրապնդումն էր, ինչը հանգեցրեց նրան, որ արտաքին պատվերներով աշխատող շատ ընկերություններ գործեցին գրեթե առանց շահույթի, իսկ որոշները նույնիսկ վնասներ կրեցին։
Այնուամենայնիվ, նկատվում է դրական դինամիկա, հատկապես վենչուրային ֆոնդերի հետ համագործակցող ստարտափների շրջանում։ Անցած տարում մի քանի ընկերությունների հաջողվեց ներգրավել ներդրումներ, և միջազգային շուկան աստիճանաբար բացվում է հայկական ընկերությունների համար։ Այս ընկերություններում կշարունակվի դրական զարգացումը։
«Մենք նաև ակնկալում ենք բարելավումներ խոշոր միջազգային ընկերությունների շրջանում, սակայն արտաքին պատվերների վրա աշխատող ընկերությունների համար բացասական միտումները դեռևս պահպանվում են», — նշեց նա։