Քննարկվեց Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը ՀԳՀՄ-ին

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության նախագահ  Վարդան Ջհանյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում, որի նպատակն էր անդամակցության շրջանակներում հաստատել երկկողմանի սերտ համագործակցություն երկու միությունների միջև։

Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը,  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մի շարք այլ պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ով տեղեկացրեց, որ հրավիրվել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամակցությամբ հիմնադրված «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության»  առաջին ընդհանուր ժողով, որի օրակարգում  ներառված է Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը Հայաստանի գործատուների հանրապետական միությանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Միության որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է տարբեր հարթակներում գործատուների շահերի պաշտպանությանը։

Ելույթ ունեցան նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ովքեր խրախուսեցին երկկողմանի փոխգործակցությանն ուղղված այս նախաձեռնությունը` կարևորելով մի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միության առանցքային նշանակությունը` որպես սոցիալական գործընկեր, և մյուս կողմից` Հանքագործների և մետալուրգների միության արժեքավոր դերակատարումը մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող հանքարյունաբերության ոլորտի կառույցները միավորելու և ՀՀ տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու գործում։

Մոսկվայից հանդիպմանն առցանց ձևաչափով միացել էր նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը, ով ներկայացրեց ՀԳՀՄ–ին անդամակցելու առավելություններն ու ուժեղ կողմերը` ընդգծելով, որ Միության անմիջական ներգրավվածությամբ ու ակտիվ դերակատարմամբ հնարավոր է լուծել գործատուներին հուզող խնդրահարույց հարցերը։

Հանդիպմանը հրավիրված ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն էլ իր ողջույնի խոսքում հատուկ անդրադարձ կատարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատանքի բնագավառում միջազգային կոնվենցիաներին և հանձնարարականներին, որոնք կարգավորում են աշխատանքային հարաբերությունները և խրախուսում ազգային մակարդակով պետական իշխանությունների, գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև եռակողմ գործընկերության ամրապնդումն ու  համագործակցության ընդլայնումը։

Հանդիպմանը մասնակից պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները նույնպես իրենց բարեմաղթանքները հղեցին երկու կողմերին` ընդգծելով համատեղ համագործակցության կարևորությունը պետության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին։  

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության շարունակականության ուղղությամբ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց ընթացք տալ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցին։

ajax-loader