Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։
«Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։
Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի եւ ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության եւ նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության եւ տրանսպորտի ոլորտներում։
Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաեւ հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ խաղաղության, անվտանգության եւ ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։
Հանրապետության նախագահը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստականաշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։