Հայ գինեգործներին առաջարկվում է իրենց վրա վերցնել միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու ծախսերի մի մասը

Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2024 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, հայկական խաղողի տեսակների ներուժի ուսումնասիրման, տեղածին սորտերի պահպանման և կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված ու նախատեսվող ծրագրերը, խաղողագործության ու գինեգործության ոլորտի թվայնացման ուղղությամբ կատարված քայլերը։

Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամը ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է տարբեր ձևաչափերով մեծացնել մասնավոր գինեգործական ընկերությունների ներգրավվածությունը հիմնադրամի գործունեությանը՝ սկսած միջազգային ցուցահանդեսներում մասնակցության համար պետության կրած ֆինանսական ծախսերի որոշակի չափը նրանց պատվիրակելուց։

Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից 2025 թվականին իրականացվելիք ծրագրերին ու միջոցառումներին, հայկական գինու մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերի մշակմանն ու գինու ներքին սպառման խթանմանը։

Օրակարգային երկու թեմաները՝ Հիմնադրամի 2024 թ․ տարեկան ծրագրերը և ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև 2025 թ․ տարեկան ծրագրերն ու բյուջեն ստացել են դրական եզրակացություն։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանում նվազել են գինու, այդ թվում ՝ փրփրուն (շամպայնի) արտադրության ծավալները ։ Մասնավորապես, 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է ավելի քան 9,1 մլն լիտր գինի, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 27,1% – ով, և 1,2 մլն լիտր շամպայն (տարեկան անկումը ՝ 11,4%)։

2024թ. առաջին կիսամյակում հայկական գինու արտահանման տարեկան աճի տեմպերը դանդաղել են՝ 17,6% – ից մինչեւ 3,6%՝ ապահովելով 2,1 մլն լիտր ծավալ: Ընդ որում, մաքսային արժեքն աճել Է 10,1% – ով ՝ մինչև 8,3 մլն դոլար:

Ավանդաբար արտահանվող գինու հիմնական ծավալը բաժին է ընկնում ռուսական շուկային ՝ 82,7% (մեկ տարի առաջվա 85,5% – ի դիմաց)։ Մեծ տարբերությամբ հաջորդում են ԱՄՆ – ը՝ 8,5% (մեկ տարի առաջվա 4,2% – ի դիմաց), Ֆրանսիան ՝ գրեթե 1%, Լեհաստանը՝ 0,9%, Բելգիան՝ 0,8%, Նիդերլանդները՝ 0,7%, Իտալիան՝ 0,6%, Գերմանիան՝ ավելի քան 0,5%, Լիտվան՝ 0,5%: Այդ ծավալից պակաս է մատակարարվել Ղազախստանին, Միացյալ Թագավորությանը, Կանադային, Վրաստանին, Բուլղարիային, Թուրքմենստանին, Չեխիային, Լատվիային և Բելառուսին։ 1000 լիտրից պակաս Հայաստանն արտահանել է ԱՄԷ, Հունաստան, Իսրայել, Լիբանան, Շվեյցարիա, Չինաստան, Ավստրալիա, Իսլանդիա, Իսպանիա, Հնդկաստան, Ճապոնիա, Էստոնիա, Ավստրիա Սինգապուր, Քենիա, Հոնկոնգ, Պորտուգալիա, Վիետնամ:

ajax-loader