Հայաստանը ցորենն ամբողջությամբ գնում է Ռուսաստանից

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ցորենի, ցորենի ալյուրի և եգիպտացորենի հիմնական մատակարարը։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի առաջին կիսամյակում ներմուծված ցորենի ողջ ծավալը՝ 134 հազար տոննա, Հայաստանը գնել է Ռուսաստանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալները նվազել են 23% – ով։ Մաքսային արժեքը նվազել է 32.1%-ով՝ մինչև 24.7 մլն դոլար:

Ընդ որում, ցորենի ալյուրի 99.2%-ը նույնպես Հայաստան է ներկրվում Ռուսաստանից, մնացած ծավալը բաշխվել է Իտալիայի, Ֆրանսիայի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր է ներմուծվել 17.3 հազ. տոննա ցորենի ալյուր’ ծավալների տարեկան 7% կրճատմամբ, մաքսային արժեքի 15.6% անկմամբ’ մինչև 4.2 մլն դոլար:

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ներմուծել է 31.1 հազար տոննա եգիպտացորեն, ինչը 11% – ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Արժեքային արտահայտությամբ գրանցվել է 2,4% աճ՝ մինչև 7,2 մլն դոլար: Եգիպտացորենի դեպքում նույնպես հիմնական մատակարարը Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում 99,5% – ը: Եգիպտացորենի մնացած ծավալը Հայաստան է ներկրվել Սերբիայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից և Հունգարիայից:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում մանր աղացած ցորեն-տարեկանի ալյուրի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 25%-ով’ կազմելով 67.4 հազար տոննա:

ajax-loader