Վրաստանի երկու խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն և TBC Bank-ը, հեռահաղորդակցության օպերատորներ Magticom-ը և Silknet-ը, ծրագրավորող ORBI Group-ը, ինչպես նաև երկրի խոշորագույն ավտոդիլերական Tegeta ընկերությունը դեմ են արտահայտվել եվրաինտեգրումը դադարեցնելու կառավարության որոշմանը և աջակցել ցուցարարներին, գրում է The Bell-ը:
«Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագան մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության պատմական ընտրությունն է, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում։ Մենք հաստատապես համոզված ենք, որ եվրաինտեգրման ժամանակավոր կասեցումը հակասում է վրաց ժողովրդի կամքին և Վրաստանի Սահմանադրությանը։ TBC-ն միշտ եղել և մնում է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման անվերապահ ջատագովը»,- ասված է TBC բանկի հայտարարության մեջ։
Magticom-ը դատապարտել է ցուցարարներին ցրելու անվտանգության ուժերի գործողությունները, իսկ Tegeta-ն նշել է, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակը վնասակար է երկրի ապագայի համար և սպառնում է «զարգացմանն ու ընդհանուր նպատակներին»։
Ինչպես հայտնում է Paper Katruli-ն, տարբեր երկրներում Վրաստանի դեսպանները զանգվածաբար հրաժարական են տալիս իշխանությունների գործողությունների պատճառով։ ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Բուլղարիայի, Իտալիայի և Լիտվայի դիվանագետները լքել են իրենց պաշտոնները։ Առաջիններից մեկը հրաժարական տվեց Բուլղարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օթար Բերձենիշվիլին։
«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն և թողնում եմ Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը»,- ասել է Նիդերլանդներում դեսպան Դավիթ Սոլոմոնիան։
Ըստ Newsgeorgia-ի, Վրաստանի պաշտպանության գերատեսչության մի քանի տասնյակ աշխատակիցներ, հետևելով արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին, իրենց հավատարմությունն են հայտնել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու գործընթացին։ Այս պահին հայտարարությունը ստորագրել է 43 մարդ՝ Վրաստանի պաշտպանության նախարարության գերատեսչությունների աշխատակիցներ։
Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշ աշխատակիցներ նաև կոչ են արել իշխանություններին վերանայել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու որոշումը։ Նրանք կարծում են, որ կառավարության այս որոշումը «անտեսում է Վրաստանի քաղաքացիների սահմանադրական կամքը» և հակասում է հիմնական օրենքի այն հոդվածին, ըստ որի սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիակատար ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ Եվրամիությանն անդամակցությունը կասեցնելու որոշման հետ։
Պետքարտուղարությունը դատապարտել է ոստիկանության կողմից ուժի «չափազանց կիրառումը»՝ ցրելու իրենց իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարներին։ Վաշինգտոնը նաև կոչ է արել բոլոր կողմերին ապահովել ցույցերի խաղաղ բնույթը։ Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանի կառավարությունը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ և չեղյալ համարի հակաժողովրդավարական օրենքները։