DCIM100MEDIADJI_0287.JPG

Դալմայի տարածքում կանաչապատ այգի ստեղծելու մրցույթ կիրականացվի

Դալմայի այգիների մոտ 200 հեկտար տարածքում նոր կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի: Դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:

«Այս աշխատանքները գործնականում բաժանել էինք մի քանի փուլի: Առաջինը գոյություն ունեցող ենթակառուցվածքների, պատմամշակութային հուշարձանների, ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրությունն է: Այս աշխատանքները կատարվել են, և «Կապալառու» կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվությունը: Հաջորդիվ նախատեսում ենք հայեցակարգերի մրցույթ իրականացնել, ստացված առաջարկները տեղադրել «Ակտիվ քաղաքացի» հարթակում, որտեղ երևանցիները կկարողանան իրենց նախապատվությունը տալ այս կամ այն առաջարկին: Նախապատվություն ստացած առաջարկի հիման վրա կհայտարարվի մրցույթ»,-ասաց Հայկազյանը:

Նա ընդգծեց՝ աշխատանքները կազմակերպվում են Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող «Էլեկտրական շարժունակության» ծրագրի համատեքստում:

Հայեցակարգերի մրցույթը հավանաբար կհայտարարվի 2025 թվականի սկզբին:

ajax-loader