ՆԳՆ-ն նախատեսում է քաղաքացիության հարցերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ ներդնել։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 28-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բոլոր ընթացակարգերը եւ գործընթացները իրականացվում են թղթային ձեւով, ինչը բավական ծախսատար է։ Թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսների առումով։ «Համակարգը կսպասարկի ինչպես ՀՀ քաղաքացիություն տալու, այնպես էլ քաղաքացիությունը մերժելու գործերը»,- նշել է Ղազարյանը։
Նա ավելացրել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն, ՊԵԿ-ը եւ ոստիկանությունը այսուհետ գործելու են միասնական էլեկտրոնային համակարգի շրջանակում։
Փոխնախարարը նաեւ նշել է, որ բոլոր փախստականները, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, չեն վճարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ծառայությունների համար։ Խոսքը, մասնավորապես, պետական տուրքի մասին է։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռությունն ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։